Սիրիական զորքերը Համայի և Իդլիբի նահանգներում...

Սիրիական բանակի հրետանին գրոհել է ավազակային խմբավորումների դիրքերը Համայի նահանգի հյուսիսում։ Գնդակոծությունն իրականացվել է ծանր հրանոթներով՝ ի պատասխան ապաէսկալացիայի հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Al Watan թերթը։  

Հարվածները հասցվել են Օրոնտես գետի հովտում գտնվող Էս Սիրմանիայի, Էզ Զիյարի և Խիրբեթ էն Նակուսի շրջաններում հակառակորդի հրամանատարական կետերին և թիկունքային հենակետերին։

 Ավելի վաղ սիրիական զորքերը գրոհել են «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման առաջադիրքերը հարևան Իդլիբի նահանգում։ Ըստ հրատարակության տեղեկատվության՝ ոչնչացվել են Ջեբել էզ Զավիա լեռնային տեղանքում զինյալների ստեղծած ամրությունները։ Հակառակորդը կրել է կորուստներ՝ տալով զոհեր և վիրավորներ:

Սիրիայի արևելքում կառավարական ուժերը գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ըստ Al Watan-ի գնահատումների՝ Էս Սուխնա օազիսում բախումների ընթացքում սիրիական բանակի էլիտար հատուկ ստորաբաժանումները և աշխարհազորայինների ջոկատները ոչնչացրել են ԻՊ-ի հրոսակախումբը:

Օգոստոսի 10-ին Էլ Մեյադին քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 368 կմ հեռավորության վրա) ահաբեկիչները հաշվեհարդար էին տեսել դարանում հայտնված սիրիացի 33 զինվորների նկատմամբ: Եվս մի քանի զինվորների զինյալները գերի են վերցրել և  տարել Բադիա էշ Շարքիա անապատ, որտեղ գտնվում են իրենց հենակետերը։

Al Hadath հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ 2023 թվականի սկզբից ԻՊ-ի հրոսակախմբերն ավելի քան 40 զինված հարձակում են իրականացրել Սիրիայի արևելքում։ Դեյր էզ Զորի նահանգում նրանց հարձակումների զոհ են դարձել 67 զինվորականներ և աշխարհազորայիններ, Ռաքքայում ահաբեկիչների ձեռքով զոհվել են 57 զինվորական և 49 խաղաղ բնակիչ: