Սիրիական բանակի հրամանատարությունը հունվարի 7-ին Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը հայտարարել է ռազմական գոտի՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան այդ երկու թաղամասերում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) դիրքերից։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերն այսօր ժամը 15:00-ից հետո համարվում են փակ ռազմական գոտիներ, և մենք կոչ ենք անում մեր քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ ՍԴՈւ-ի դիրքերից։ Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերում այսօր ժամը 15:00-ից սկսած հայտարարվել է նաև լրիվ պարետային ժամ», - նշված է հայտարարության մեջ։
Հրամանատարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերում ՍԴՈւ-ին պատկանող բոլոր ռազմական դիրքերը դարձել են բանակի օրինական ռազմական թիրախներ»։
Իր հերթին Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբը կոչ է արել Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերի բնակիչներին, որոնք ցանկանում են հեռանալ, օգտվել մարդասիրական միջանցքներից, որոնք բաց էին մնալու մինչև հունվարի 7-ի ժամը 15:00-ն։
Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարությունը հաստատել է, որ Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերից տարհանվել է 850 քաղաքացիական անձ։
Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերելու սիրիացի քաղաքացիներին և նրանց տեղափոխելու ապաստարաններ կամ Հալեպի անվտանգ տարածքներ՝ ըստ իրենց ընտրության։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։



