
Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ Լաթաքիա նահանգում անվտանգային իրավիճակը կայունացել է նախկին իշխանությունների աջակիցների դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին ասել է Սիրիայի ներքին գործերի նախարար Ալի Քադան՝ կոչ անելով բնակիչներին վերադառնալ իրենց բնակավայրեր։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ նախարարը Լաթաքիայի նահանգապետ Մուհամմեդ Օթմանի ուղեկցությամբ մարտի 11-ին այցելել է նահանգի Ջաբլե քաղաք և ալ-Դաթուր թաղամաս՝ հանդիպում ունենալով մի շարք բնակիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է բնակչության անվտանգությանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը:
Ավելի վաղ Տարտուսի նահանգապետ Ահմադ աշ-Շամին շրջանի բնակիչներին կոչ էր արել վերադառնալ իրենց տները՝ նշելով, որ Տարտուս քաղաքն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին:
Չնայած սիրիական պետական լրատվամիջոցները հայտնում են ծովափնյա շրջաններում անվտանգ իրավիճակի մասին, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտի 12-ին զոհեր են գրանցվել Տարտուս (49), Լաթաքիա (25) և Համա (84) նահանգներում՝ խլելով, ընդհանուր առմամբ, 158 խաղաղ բնակչի կյանք, որոնց մեծամասնությունը ալավիներ են։
Ըստ աղբյուրի՝ սիրիական ծովափնյա խաղաղ բնակչության զոհերի թիվը մարտի 6-ից ի վեր հասել է 1383-ի, որոնցից 683-ը գրանցվել է Լաթաքիայում, 433-ը՝ Տարտուսում, 255-ը՝ Համայում և 12-ը՝ Հոմսում։