Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ` խցանումն...

Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ, թե որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները, և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել այդ խցանումների մեջ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տրանսպորտային փոփոխություններին։

Նա նշեց, թե ինչի համար են արվում այդ փոփոխությունները և ինչու՝ հիմա։

«Առհասարակ, ամառային այս սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից. բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն, և, այո, երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար՝ իրենց միջին արագությունն ավելացնելու, առանձնացված գիծ ունենալու, ավտոմատ որոշակի խնդիրներ են ստեղծվում մեքենաների համար։ Բայց ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր փոխելով՝ մեքենաների հոսքը անդադար, առանց կանգնելու դարձնել»,- նշեց քաղաքապետը։

Իսկ մինչ այդ, տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը զեկուցեց, որ առաջիկա շաբաթներին կսկսեն իրականացվել Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։