Սինգապուրի խորհրդարանի նախագահն աջակցություն...

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը:

Սեհ Կիան Պենգն ուրախությամբ ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը եւ Միջխորհրդարանական միության շրջանակում ակտիվ համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը:

Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ բացառելով ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման դրսեւորումները:

Հանդիպման մասնակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: