ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ գիտի, թե ինչու են պաշտոնյաներին մեծ գումարներ անհրաժեշտ։ Հունվարի 19-ին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները Սիմոնյանի հետ զրույցում բարձրացրել են հանրությանը հուզող թեման՝ տարբեր տեսակի պաշտոնյաներին վճարված, երկրի չափանիշներով հսկայական պարգևավճարների մասին։ Սիմոնյանը կատարվածի մեջ որևէ տարօրինակ բան չի տեսնում։
ԱԺ նախագահին հիշեցրել են, որ պատգամավոր եղած ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած առիթով բարձրացնում էր «խեղճ թոշակառուների» հարցը։ Այժմ նրա եռանդը պակասել է, ընդհակառակը՝ հնչում են հայտարարություններ այն ոգով, թե «10 հազար դրամը ոչինչ չի փոխի»։
Ինչպե՞ս է ստացվել, որ այն ժամանակ ասում էին մի բան, իսկ հիմա ասում և անում են լիովին այլ բան։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահը վրդովված հայտարարել է, որ նրանք, ովքեր պետք է բարձրացնեն թոշակները, պետք է լինեն պրոֆեսիոնալներ և անում են շատ օգտակար գործեր. օրինակ՝ կառուցում են ճանապարհներ և խաղաղություն, աշխատում են բոլոր ուղղություններով, բայց վերջում հենց իրենց են մեղադրում: Մինչդեռ նրանք պետք է ներկայացնեն երկիրը, նորմալ հագուստ կրեն, աշխատանքի գնան և ի վերջո, լինեն մրցունակ, որպեսզի պետական հիմնարկների աշխատողները չձգտեն անցնել մասնավոր կազմակերպություններ: «Եթե զուգահեռներ անցկացնեք մասնավորի և պետական հիմնարկների աշխատավարձերի միջև, կտեսնեք, որ մարդիկ կնախապատվեն մասնավոր կազմակերպությունները, բացի այդ՝ դա թույլ կտա խուսափել տեսախցիկներից և նման մեղադրանքներից: Ի վերջո, հենց պետական հիմնարկների աշխատողներն են բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը. կան ուսուցիչներ և զինվորականներ, որոնք ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան պատգամավորները: Այնպիսի տպավորություն է, թե դուք այնպես եք ներկայացնում, որ 7 տարվա մեջ ոչ մեկին ոչինչ չեն բարձրացրել, իսկ այստեղ իրենցը բարձրացրել են: Պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է և կարևոր չէ՝ նա դա միանգամից է ստանում, թե մաս-մաս: Իսկ դուք գումարում եք իրար, վերածում դոլարի և ստանում «աստղաբաշխական գումարներ»: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպիսի աշխատավարձեր են ստանում «Ազատություն» ռադիոկայանում»,- հավելել է Սիմոնյանը: Նրան հիշեցրել են, որ «Ազատությունում» աշխատավարձերը Հայաստանի բյուջեից չեն: «ԱՄՆ բյուջեից են»,- հակադարձել է խոսնակը: Ընդ որում, ողջ զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը մտերիմ ոճով «դու»-ով էր դիմում բոլոր լրագրողներին: «Դե որ ձեզ այդ ամենը այդքան անհանգստացնում է, սկսեք ձեր թափանցիկությունից: Իսկ դուք անընդհատ մեզ քննադատում եք»,- նեղացել է խոսնակը:
Նրան հիշեցրին, որ պաշտոնյաները հաճախ են դիմում «խաղաղություն» բառի օգնությանը, երբ անհրաժեշտ է լինում բացատրել, օրինակ, ահռելի պարգևավճարները։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ կորուստների համար պաշտոնյաները նույնպես պետք է վճարեն սեփական գրպանից։ Խոսնակն անմիջապես «սլաքները թեքել է» հարցը տվող լրագրողի վրա. «Ձեր խնդիրն այն է, որ կորուստները դուք փողով եք հաշվում, դրանք փողով չեն հաշվվում»:
Սիմոնյանը տասն անգամ անընդմեջ կրկնել է, որ պաշտոնյաների ստացած գումարները ոչ թե պարգևավճարներ են, այլ տարվա աշխատավարձի մնացորդը։ Վրդովված լրագրողների բոլոր հարցերին նա կրկնում էր՝ դա աշխատավարձ է։ Ըստ Ալեն Սիմոնյանի, լրագրողները չպետք է խոսեն բարոյականությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը միտք էր հայտնել աշխատավարձերի բարձրացման մասին և ըստ այդ գաղափարի՝ ներկայիս պարգևավճարները ստեղծվել են ապագա բարձրացումը լրացնելու համար։
Խոսնակին հիշեցրել են նաև, որ հազարավոր մարդիկ Ամանորը դիմավորել են առանց տոնական սեղան գցելու հնարավորության, ինչին Սիմոնյանը ցինիկաբար արձագանքել է, թե ուրիշ հազարավորներ էլ տոնը դիմավորել են Դուբայներում, Եգիպտոսներում և այլուր, հյուրանոցները ծանրաբեռնված են, ռեստորանները՝ լիքը և ընդհանրապես՝ այդ ամենը դեմագոգիա է:
«Դուք չեք կատարել ձեր խոստումները՝ ո՛չ թոշակներն եք բարձրացրել, ո՛չ աղքատությունն եք կրճատել»,— հիշեցրել են խոսնակին։ Այդ ժամանակ Սիմոնյանն առաջարկել է քվեարկել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ մեկ ուրիշի օգտին, ով կատարել է իր խոստումները:
Այդ ժամանակ լրագրողները հարցրին, թե ինչու հենց ինքը՝ Սիմոնյանը, չի տեղափոխվում մասնավոր հատված, եթե այնտեղ այդքան լավ է։ Զարմացած խոսնակը հայտարարել է, որ չի մտածել այդ մասին, քանի որ ինքը «քաղաքական գործիչ է»։ «Բայց կարծում եմ՝ ես բավականին լավ ինքնակենսագրական ունեմ։ Առնվազն կարող եմ որպես բավականին լավ լրագրող աշխատել ԶԼՄ-ներում»,— կարծում է Ալեն Սիմոնյանը։



