Սիլիկոնային օազիսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ...

Դուբայի ու Հայաստանի համագործակցության համար հիանալի հնարավորություններ կան, հատկապես բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դուբայի Սիլիկոնային օազիսի Գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը։ 

Նա նշեց, որ Դուբայի Սիլիկոնային օազիսը պետական ազատ գոտի է, և իր, որպես ղեկավարի, հիմնական գործառույթը ստարտափներին աջակցելն է։ Վերջին տարիներին, նրա խոսքով, Դուբայն աջակցում է ստարտափների ստեղծմանն ու առաջխաղացմանը, և պետությունը վենչուրային հիմնադրամների միջոցով մեծ ներդրումներ է կատարում այդ ոլորտում։ 

Սիլիկոնային օազիսը' տարածաշրջանում ստարտափների զարգացման ամենամեծ հաբը

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Դուբայի Սիլիկոնային օազիսը դարձել է տարածաշրջանում ամենամեծ հաբը ստարտափների զարգացման համար»,- ասաց նա։

Հանս Քրիստենսենը տեղեկացրեց, որ Դուբայի Սիլիկոնային օազիսն արդեն ստորագրել է հուշագիր Դուբայում գործող Blockcento կազմակերպության նախագահ Հայկ Վարդանյանի հետ, իսկ այս այցի արդյունքում նոր հուշագրեր կկնքվեն' այդ թվում հրավիրող կազմակերպության՝ «Մեյդ ին Արմենիա» ՀԿ–ի հետ։

ՀԿ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ եռօրյա այցի ընթացքում Հանս Հենրիկ Քրիստենսենը հանդիպել է էկոնոմիկայի և ԲՏԱ փոխնախարարների հետ, ISTC հիմնադրամի, ՏՀՏ գործատուների միության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ, այցելել է «Թումո» նորարարական կենտրոն և «Արմաթ» լաբորատորիաներ։

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Քրիստենսենը բավականին տպավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում։ «Դուբայի Սիլիկոնային օազիսի գործունեության հիմնական ուղղությունները բարձր տեխնոլոգիաների նորաստեղծ և հաջողակ ընկերությունների հայտնաբերումն է և տարբեր եղանակներով դրանց աջակցումը», – ասաց նա։

Թոքենիզացիա՝ պետական կառավարման ներքո

Blockcento ընկերության նախագահ Հայկ Վարդանյանը տեղեկացրեց, որ Դուբայում հիմնադրված իրենց ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ համագործակցում է Դուբայի Սիլիկոնային օազիսի հետ, և անցյալ տարվա մարտին Օազիսի հետ հուշագիր է կնքել՝ պետական կառույցի հետ համագործակցությամբ աշխարհում առաջին բլոքչեյն էկոհամակարգը ստեղծելու նպատակով։ Ծրագրվում է կառավարության հետ հավասար բաժնեմասերով կորպորացիա ստեղծել, որն առաջինը աշխարհում կիրականացնի թոքենիզացիա՝ պետական կառավարման ներքո։ 

Հայկ Վարդանյանը պարզաբանեց, որ թոքենիզացիան գործիք է, որով բլոքչեյնում ներառված ակտիվները թվայնացվում են։ Եվ այդ ակտիվները հնարավոր է լինում գնել և վաճառել ոչ միայն տեղական շուկայում, այլ ողջ աշխարհում, թոքենի միջոցով։ Նրա խոսքով, սա շատ կարևոր է նաև ՏՏ ոլորտի նախագծերի, ստարտափների համար, որոնք կարող են թոքենիզացիայի ենթարկել իրենց ակտիվները և բաժնեմասերի վաճառքի միջոցով ֆինանսներ ներգրավել։ 

«Մենք ունենք նաև տեսլական Հայաստանի տնտեսությունը թվայնացնելու և թոքենիզացիա անելու վերաբերյալ, ինչն «առանց սահմանների տնտեսություն» ունենալու հնարավորություն է ստեղծում»,- ասաց նա։ 

Համագործակցություն ԲՏ ոլորտում և աջակցություն ստարտափներին

Հանս Քրիստենսենը հավելեց, որ Դուբայը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ, քանի որ այդ ոլորտում աութսորսային լուծումների խիստ կարիք ունի: Նա նշեց, որ ծրագրվում է Դուբայ բերել 1 միլիոն ՏՏ դեվելոփերների, և իրենք շահագրգռված են, որպեսզի հայկական ՏՏ ընկերությունները մասնաճյուղեր հիմնեն Դուբայում, և հակառակը՝ Էմիրության ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում։ 

«Իմ այցի հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչպես է աշխատում Հայաստանի ՏՏ էկոհամակարգը և մշակույթը»,- ասաց նա։ 

Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Քրիստենսենի այս այցը ճանաչողական բնույթ է կրում, և քննարկվել է համագործակցության լայն շրջանակ, իսկ կոնկրետ ուղղությունները կհստակեցվեն ավելի ուշ։ Ամեն դեպքում՝ առաջնահերթություն են դիտվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը և ստարտափ ընկերություններին աջակցությունը։ Ուսումնասիրվում է նաև Դուբայի փորձը Հայաստանում ազատ գոտի ստեղծելու համար։

«Մեր տեսլականը միտված է ապագային։ Մենք ուրախ ենք, որ այդ ապագան կերտելու առաջին քայլերն ենք անում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։