Սի Ծինփինը ցանկանում է յուանը դարձնել համաշխա...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է յուանը համաշխարհային պահուստային արժույթ դարձնելու անհրաժեշտության մասին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության «Ցյուշի» հանդեսի համար հոդվածում։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նա գրել է, որ Չինաստանին անհրաժեշտ է «ուժեղ արժույթ», որը կկարողանա «լայն կիրառություն գտնել միջազգային առևտրում, ներդրումներում, արտարժույթի շուկաներում, և ստանալ պահուստային արժույթի կարգավիճակ»։

Սի Ծինփինը նշել է, որ երկրին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ», որը կարող է արդյունավետորեն կառավարել դրամական միջոցները, գլոբալ մասշտաբով մրցունակ ֆինանսական հաստատություններն ու միջազգային ֆինանսական կենտրոնները, որոնք կկարողանան «համաշխարհային կապիտալ ներգրավել և ազդեցություն ունենալ գլոբալ գնագոյացման վրա»։

Չինաստանի ղեկավարի հոդվածը լույս է տեսել համաշխարհային շուկաներում աճող անորոշության ֆոնին։ Դոլարի թուլացումը, Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության առաջիկա փոփոխությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու առևտրային լարվածությունը ստիպել են համաշխարհային կենտրոնական բանկերին վերաիմաստավորել դոլարային ակտիվներից կախվածության մակարդակը։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2025 թ. երրորդ եռամսյակի դրությամբ յուանի բաժինը համաշխարհային պահուստներում կազմել է ընդամենը 1,93%՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը բոլոր արժույթների շարքում։ Դոլարը կազմել է մոտավորապես 57% (2000 թվականի 71%-ի համեմատ), իսկ եվրոն՝ մոտ 20%։