Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, սեպտեմբերի 3-4-ը ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը՝ բացատրելով, որ խոսքը երկու երկրների օդային տարածքում չորս շվեյցարական F/A-18 կործանիչների և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նույնքան Rafale կործանիչների համատեղ թռիչքների մասին է։
«Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերի 3-ին և 4-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախատեսվում է երկու երկրների «օդային տարածքում մի քանի ուսումնական մոդուլներ» իրականացնել Զորավարժություններին մասնակցելու են չորս ֆրանսիական կործանիչներ, որոնք սովորաբար տեղակայված են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմածովային ավիաբազայում, մեկ գիշեր կանցկացնեն Շվեյցարիայի Պայերն ավիաբազայում, որտեղ «համատեղ վերապատրաստում» կանցնեն։ Խոսքը, մասնավորապես, «ՀՕՊ զորավարժությունների պլանավորման, իրականացման և վերլուծության փորձարկման» և «փորձի փոխանակման» մասին է։
Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև համատեղ զորավարժություններն իրականացվում են 2018 թվականին ստորագրված երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Այն «կրթության և ուսուցման ոլորտում երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև երկարատև համագործակցության մի մասն է և նպատակ ունի ամրապնդել պաշտպանական կարողությունները միջազգային համագործակցության միջոցով», - ասել է Բեռնը: