Շվեդիան չի բացառում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավո...

ԱՄՆ-ն Եվրոպական միությունը կարող է ներքաշել առևտրային պատերազմի մեջ։ Այս կարծիքը Բրյուսելում իր գործընկերների հետ հանդիպումից առաջ հայտնել է Շվեդիայի արտաքին առևտրի և զարգացման նպատակով միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դուսան։

«ԱՄՆ-ն արդեն սրել է իրավիճակը մի քանի մակարդակներում և մենք չենք կարող բացառել, որ նրանք մեզ կներքաշեն առևտրային պատերազմի մեջ,- ասել է նա,- 30-տոկոսանոց մաքսատուրքերն, ակնհայտորեն, այն չեն, ինչ մենք՝ եվրոպացիներս, կարող ենք ընդունել։ Մենք միշտ փորձել ենք գտնել համաձայնեցված լուծում, որը կբավարարեր բոլորիս, սակայն Սպիտակ տունը շարունակում է իր ճանապարհով գնալ և ես դա վատ եմ համարում»։

Դուսան կարծում է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններ է վարել «խաղի բոլոր կանոններով» և մինչ օրս չի բարձրացրել ամերիկյան ապրանքների ներմուծման ոչ մի մաքսատուրք։ «Մենք շատ մոտ էինք սկզբունքային համաձայնության հասնելուն, որը թույլ կտար հարթել առևտրային կոնֆլիկտը։ Ինձ մի փոքր զարմանալի է թվում, որ Սպիտակ տունը որոշեց սրել իրավիճակը, երբ մենք այդքան մոտ էինք եզրագծին», - ասել է նա։

Նախարարը նախազգուշացրել է, որ Բրյուսելը պետք է պատրաստվի վատագույնին։ «Սպիտակ տնից նոր հաղորդագրություններ են ստացվում ամեն ժամ ու օր, ուստի դժվար է ենթադրել, թե կոնկրետ ինչ են նրանք մտածում։ Բայց մենք պետք է պատրաստվենք վատագույնին», - պարզաբանել է Դուսան։