
Շվեդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը: Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը:
Հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետին՝ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին «արագացնել մահացած անձանց աճյունների, ինչպես նաև ռազմագերիների ու գերիների փոխանակումը, դադարեցնել նրանց դեմ քրեական գործընթացներն ու ապահովել տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»:
«Ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը կլինի առաջին քայլերից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վստահության վրա հիմնված մթնոլորտի վերականգնման ճանապարհին:
Մենք նաև կոչ ենք անում Եվրամիության կառույցներին այս մարդասիրական հարցը մշտապես բարձրացնել Ադրբեջանի Հանրապետության հետ ներկա ու ապագա հարաբերությունների համատեքստում»,- ասվում է պատգամավորների հայտարարության մեջ: