
Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի կողմ է նետել բոլոր դիմակները և բացահայտ հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Այս ընթացքում շինծու գործերով ձերբակալվել և կալանավորվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան հայրեր՝ Բագրատ Սրբազանն ու Միքայել Սրբազանը։ Հորինված գործերով կան տասնյակ այլ կալանավորվածներ։ Փաշինյանը շարունակում է տեղեկատվական ահաբեկչական գործողությունները Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։
Այս ամենի ֆոնին հեռախոսազրույց է տեղի ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Հեռախոսազրույցից հետո Մակրոնը գրում է․
«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։
Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»։
Փաստորեն, բարեկամ համարվող Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ոչ միայն լռելյայն հավանություն է տալիս, այլև հրապարակայնորեն խրախուսում է հայ ժողովրդի հոգևոր ինքնության և ազգային պետականության հիմքերից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող պետական ահաբեկչությանը։ Սա պարզապես դիվանագիտական հայտարարություն չէ, այլ վտանգավոր ուղերձ, որը կարող է լեգիտիմություն տալ ոչ միայն սրբազան հայրերի ձերբակալությանը, այլև՝ հետագա հարձակումներին։ Այս արձանագրումը պետք է պահել հիշողության մեջ՝ որպես սառը վկայություն, որ «բարեկամության» դիմակների ետևում կարող են թաքնված լինել նաև հարվածող ձեռքերը։