Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվել է գործով վկա Հայկազ Գրիգորյան, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։ Այս մասին գրում է News.am-ը:
«Խուռհատ սարում կռվի ընթացքում եղել ենք սարի վրա , հակառակորդի հարձակման ժամանակ ընկել ենք շրջափակման մեջ։ Երբ հարձակումը եղել է, եղել են բազմաթիվ վիրավորներ։ Նրանց օգնություն էին ցույց տալիս։ Վահանյանն ասել է՝ վիրավոր եմ, նստել է վիրավորների մեքենան ու գնացել։ Դրանից հետո մենք ընկել ենք շրջափակման մեջ։ Մոտ 4-5 ժամ չենք կարողացել դուրս գալ, որովհետեւ ճանապարհ չկար, որտեղ բարձրանում էինք, կրակում էին մեր ուղղությամբ։ Ռադիոկապ չենք ունեցել վերադասի հետ, եղել ենք ես եւ Վարդանյանը Վազգենը։ Սարը շրջանցելով՝ կարողացել ենք 65 զինծառայողների հետ դուրս գալ շրջափակումից»,- պատմեց վկան եւ հավելեց, որ ունեցել են նաեւ ռադիոկապի մարտկոցի խնդիր։
Գործով մեղադրող դատախազին այն հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է անձնակազմը նահանջել, վկան պատասխանեց. «Արդեն շրջափակման մեջ էինք մտնում, հրետակոծում էին բլուրը եւ այդտեղից արդեն հետքաշման հրաման է եղել»։
Ճշտող հարցին՝ անձնակազմին ո՞ւմ կողմից է նահանջի հրաման տրվել, վկան չկարողացավ ասել։
Հարցին՝ ի՞նչ կերպ է իրականացվել նահանջը, վկան պատասխանեց. «Իրականացվել է նահանջը, այնուհետեւ անձնակազմին տարել են Հադրութի զորամաս, հետո հակառակորդի կողմից զորամասը խփեցին»։
Նա նշեց, որ իր գլխավորությամբ անձնակազմը հասել է մինչեւ Հադրութ. «Այդ ժամանակ ես մարտական դիրքերում ունեցել եմ ընդամենը 1 զոհ, եղել է բուժակը եւ մեկ վիրավոր»։
Վկան պատմեց, երբ հակառակորդը հարվածել է Հադրութի զորամասին, անձնակազմին տեղափոխել են Հադրութի դպրոց. «Հադրութի դպրոցում Հադրութի հրամանատարն է եկել եւ հաստիքային փոփոխություններ է արել»։
Դատախազի այն հարցին, թե ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում է եղել անձնակազմը, վկան պատասխանեց. «Անձնակազմը եղել է անմարտունակ, ի վիճակի չի եղել ինչ-որ խնդիր կատարելու։ Բերել էին Հադրութի դպրոց, որ անձնակազմը հանգստանար, կազդուրվեր»։
Դատախազի հարցին՝ արդյո՞ք այդ բարոյահոգեբանական վիճակում է մնացել անձնակազմը, եւ նա՝ որպես սպա, ի՞նչ գործողություններ է կատարել, վկան չկարողացավ պատասխանել այդ հարցին։
Զոհվածի ծնողներից մեկն էլ արձագանքեց վկայի լռությանը. «Ինքն այդտեղ չի եղել, ի՞նչ հարցեր եք տալիս։ Չկա»։
Դատախազի հարցին, թե 2020 թվականի հոկտեմբերի 8-ին մարտական ի՞նչ առաջադրանք է տրվել 5-րդ գումարտակի անձնակազմին, վկան պատասխանեց. «Վահանյանի կողմից եղել է առաջադրանք՝ հոկտեմբերի 8-ին խնդիր է դրվել անհրաժեշտ երկու դասակ անձնակազմը գնացել ենք Հադրութի հայկական գերեզմաններ, այնտեղ ենք դիրքավորվել, անձնակազմի հետ գիշերը շրջափակման մեջ եմ ընկել, ունեցել եմ զոհեր եւ վիրավորներ, դուրս ենք եկել ճանապարհ, զանգել եմ գումարտակի հրամանատարին, ասել եմ՝ ինչ անենք, այսպիսի վիճակ է, մեքենա է ուղարկել, ասել է՝ եկեք Խուռհատ սար»։
Վկան պատմեց, որ անձնակազմի հետ դիրքավորվել են Ջաբրայիլի ուղղությամբ՝ Խուռհատ սարի գագաթին. «Վաշտը բացազատված է եղել սարի երկայնքով։ Երկրորդ օրը երբ պետք է հրադադար լիներ 12։00-ին, հրադադար չեղավ, այդ ժամանակ առավոտյան 12։00-ին հակառակորդը լայնածավալ հարձակման դիմեց՝ էլ հրետանային, էլ ֆոսֆոր, էլ անձնակազմ՝ մեծ ծավալի։ Մեծաքանակ վիրավորներ ենք ունեցել ու ընկել ենք շրջափակման մեջ. մեր ուղղությամբ 4 կողմից կրակում էր հակառակորդը»։
Նա նշեց, որ գումարտակի գործողությունները ղեկավարում էր գնդի հրամանատարի տեղակալը՝ մարտական պատրաստության գծով։
Դատախազին այն հարցին, երբ անձնակազմը շրջափակման մեջ է հայտնվել, կապ կարողացե՞լ է ապահովել. «Որ շրջափակման մեջ ենք ընկել, արդեն անտառն էինք բարձրացել, այդտեղից ում զանգել ենք, ոչ մեկ չի պատասխանել, ոչ մեկ չի խոսել. զանգը գնում էր, պատասխանող չկար։
Գործով վկան մանրամասնեց հակառակորդի հարձակման պահը եւ գումարտակի հրամանատարի գործողությունները. «Խուռհատ սարի երկարությամբ անձնակազմը բացազատված է եղել։ Դիմացից հրետանին կրակում էր Հադրութի ուղղությամբ, Հադրութը մեր հետեւն էր, Ջաբրայիլն էր՝ դիմացը։ Հակառակորդը հրետակոծում էր Հադրութը։ Առաջին գիշերը նորմալ անցել է, գիշերը մնացել ենք այնտեղ՝ դիրքավորված։ 12։00-ին ասվել էր, որ հրադադար է լինելու, բայց ավելի ուժեղ գնաց կռիվը եւ հակառակորդը հրետակոծում էր կոնկրետ Խուռհատ սարը։ Հակառակորդը երեք կողմից հարձակվում էր։ Մի ճանապարհ էր մնացել, որ հետ պիտի գնայինք»։
Դատախազի հարցին՝ ի՞նչ գործողություններ է կատարել անձնակազմը, վկան պատասխանեց, որ անձնակազմն այդ ընթացքում խոցել է հակառակորդին, բայց հարձակումն այնքան ուժեղ էր, որ այդ տարածքում մնալն անհնար էր. «Խուռհատ սարի ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Անձնակազմը հարձակումից հետո ցրվել էր, չեմ կարող բացատրել։ Որ վիրավորները շատ էին, ֆերշերների հետ օգնություն ենք ցուցաբերել։ Հակառակորդն արդեն բարձրանում էր Խուռհատ սարի գագաթը, մենք անձնակազմին հետ ենք քաշել, հանել ենք խաչմերուկ, այդտեղից արդեն նահանջել ենք դեպի անտառ, այնտեղ հնարավոր չէր մնալ, հակառակորդը կրակում էր»։
Նա պատմեց, որ այդ ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ գնացել է նաեւ Վահան Իշխանյանը, նշելով, որ ինքն էլ է վիրավորում ստացել։
Հարցին՝ արդյո՞ք ինքը նկատել է, որ գումարտակի հրամանատարը վիրավորվել է, նա պատասխանեց, որ չի տեսել։
Ըստ մեղադրանքի՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:
Այսպես՝ Իշխան Արմենի Վահանյանը ՊԲ համապատասխան զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հիշյալ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության:



