Շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի իշխա...

Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դաշնային շրջանային դատարանը մերժել է նահանգի ղեկավար Գևին Նյուսոմի և գլխավոր դատախազ Ռոբ Բոնտայի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված հայցը՝ ապրիլին միակողմանի մաքսատուրքեր սահմանելիս լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։

Ըստ հրապարակման՝ դատավոր Ժակլին Սքոթ Քոռլին հունիսի 2-ին որոշել է, որ գործը չի մտնում շրջանային ատյանի իրավասության մեջ և պետք է քննվի այն դատարանում, որը գտնվում է նահանգի սահմաններից դուրս և մասնագիտացած է առևտրային վեճերի մեջ: Սակայն ապրիլին ներկայացված հայցը ուղղակիորեն Նյու Յորքի միջազգային առևտրի դաշնային դատարան փոխանցելու փոխարեն, ինչպես դրան ձգտել են հասնել Թրամփի փաստաբանները, նա մերժել է այն: Այսպիսով, պնդում է հրատարակությունը, դատավորը Կալիֆոռնիային հնարավորություն է տվել որոշումը բողոքարկել ԱՄՆ-ի իններորդ շրջանի վերաքննիչ դատարանում, որը հայտնի է իր լիբերալ հայացքներով:

POLITICO-ն գրում է, որ տարածաշրջանի իշխանություններն արդեն համապատասխան բողոք են ներկայացրել:

«Մենք խորապես համոզված ենք, որ այս գործը պետք է քննվի դաշնային շրջանային դատարանում, և ուրախ ենք, որ դատարանը հաշվի առավ մեր ցանկությունները՝ կարճելով այս գործը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հասնել բողոքարկման», - ասել է Բոնտան։

Ավելի վաղ ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանն անօրինական էր ճանաչել Թրամփի սահմանած մաքսատուրքերը տարբեր երկրների նկատմամբ։ Սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է այս որոշումը։  Դաշնային վերաքննիչ դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրել է շարունակել մաքսատուրքերի գանձումը, մինչ ԱՄՆ վարչակազմը վիճարկում է առևտրի հարցերով դատարանի որոշումը։