Շրջակա միջավայրի նախարարությունը և ֆիլհարմոնի...

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ն՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։

Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, hուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարել  շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։

Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։

Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։