Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Դոնալդ Թրամփի պահանջը Ուկրաինայից հազվագյուտ հողերի մետաղներ մատակարարելու մասին՝ ֆինանսական օգնության դիմաց։ Գերմանացի քաղաքական գործիչն այս խոսքերն ասել է երկուշաբթի՝ փետրվարի 3-ի երեկոյան, Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, փոխանցել է DW-ն։ «Մենք պետք է օգտագործեինք երկրի այդ ռեսուրսները՝ ֆինանսավորելու համար այն ամենը, ինչ անհրաժեշտ կլիներ պատերազմից հետո»,- Reuters-ը մեջբերել է Շոլցի խոսքերը: Նա ասել է, որ «շատ եսասիրական եւ եսակենտրոն կլինի» փողն այժմ օգտագործել պաշտպանական աջակցությունը ֆինանսավորելու համար: Շոլցն ընդգծել է, որ ապագայում Ուկրաինային անհրաժեշտ կլինի ուժեղ բանակ, ինչպես նաեւ ֆինանսավորում երկրի վերականգնման համար։ «Դրանք մեծ խնդիրներ են՝ հաշվի առնելով այն հսկայական ավերածությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում։ Եվ այդ պատճառով, կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե Ուկրաինայի ռեսուրսներն օգտագործվեին նրա ապագայի համար»,- ավելացրել է Գերմանիայի կանցլերը։Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինային օգնությունը կշարունակվի, եթե վերջինս խոստանա ԱՄՆ մատակարարել հազվագյուտ հողերի իր մետաղները։ «Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ իրենց հազվագյուտ հողերի մետաղների փոխանցման մասին օգնության դիմաց»,- ասել է նա: Ճշտող հարցին, թե արդյոք Թրամփը ցանկանում է, որ Կիեւը ռեսուրսներ մատակարարի Վաշինգտոն, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել՝ նշելով, որ «ցանկանում է ունենալ հազվագյուտ հողերի մետաղների մատակարարման երաշխիքներ», եւ նշել է, որ Ուկրաինան արդեն պատրաստ է դրան։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Կիեւը «փոխհատուցի» Վաշինգտոնին տրամադրած «գրեթե 300 մլրդ դոլարի» աջակցության համար։