SpaceX, Тesla ընկերությունների գործադիր տնօրեն և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերն իր՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ «նացիստական ողջույն» հիշեցնող ժեստի մասին։
«Եվրոպայում, Գերմանիայում կա խոսքի ազատություն, յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ուզում է, նույնիսկ եթե միլիարդատեր է։ Բայց մենք չենք ընդունում, եթե խոսքը ծայրահեղ աջ ուժերին աջակցության մասին է»,- ասել է Օլաֆ Շոլցը՝ խոսելով ամերիկացի գործարարի ժեստի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Սրան ի պատասխան Մասկը X սոցիալական ցանցում գրել է.«Ամո՛թ քեզ, Օաֆ Շից»: «Oaf» բառն անգլերենից կարելի է թարգմանել որպես «հիմար», իսկ «շից» բառը ուղղագրությամբ մոտ է «շիթ» («կղանք») բառին։
Իլոն Մասկը հունվարի 21-ին ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ, երկու անգամ բեմից «նացիստական ողջույն» հիշեցնող ժեստ է արել։ Այս ժեստը գրավել է միջազգային լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը։ Մասկը նշել է, որ «դուք բոլորդ Հիտլերներ եք» ոգով մեղադրանքներն արդեն շատ հնացած են։