Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը հայտնի է նրանով, որ նրանք շատ արագ մոռանում են իրենց անցյալը։ Շատերն, իհարկե, պնդում են, որ իշխող թիմի անդամները անցյալ չունեցող գործիչներ են, բայց ամեն մարդու դեպքում էլ կա անցյալ, եթե, անգամ, այդ մարդը որևէ էական ձեռքբերում չունի իր կյանքում։
Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իշխող թիմի պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով նախկինում լրագրող է եղել, հայտարարել էր, թե լրագրողների մեջ կան մարդիկ, որոնք ավելի շատ «ահաբեկիչների» են նման։ Պատգամավորը այս կերպ փորձել էր բացատրել ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակող իրենց որոշումը։
Հետաքրքիր է, որ նույն այս անձը, որ պատագամվորին անհարմար հարցեր տվող լրագրողների մեջ «ահաբեկիչներ» է փնտրում, նախկինում բավական տհաճ պատմության մասնակից էր եղել, որը քննադատվեց լրագրողական համայնքի կողմից։ Այս անձը լինելով «Սիվիլնեթ» լրատվամիջոցի լրագրող, օգտագործելով ԱԺ մուտք գործելու լրագրողի փաստաթուղթը` ԱԺ դահլիճում բողոքի ակցիայի էր մասնակցել։ Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին։ Այն ժամանակ իշխող թիմի պատգամավոր Առաքել Մովսիսյանը նրանց անվանել էր «կապիկներ»․ «էս կապիկներին էլ հանեք ստից»,-ասել էր Մովսիսյանը։ Լրագրողներն էլ դիմել էին Էթիկայի հանձնաժողով և պահանջել էին, որպեսզի Մովսիսյանը ներողություն խնդրի, այդ թվում Խանդանյանին կապիկ անվանելու համար։
Ու նման անցյալ ունեցող մարդը փորձում է պիտակավորել այսօրվա լրագրողներին։ Խանդանյանը գուցե կարծել է, որ 2013 թվականին ինքը փոքր մարդ է եղել ու դժվար իրեն այս քայլը որևէ մեկը հիշեր, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում ու ոչինչ չի մոռացվում։





