Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասե...

Հայաստանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։  

«Հայաստանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում» Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով և տրամադրված ենք առողջ քննարկման, առողջ միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն»,-ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ, ինչպես աշխարհում առկա մյուս բոլոր հարաբերությունների պարագայում, առկա են, սակայն անհրաժեշտ  է կառուցողական քննարկումներով լուծումներ գտնել։

Միրզոյանը շեշտեց նաև երկկողմ հարաբերություններում ինքնուրույն որոշում կայացնելու միմյանց իրավունքին հարգանքով վերաբերվելը։

«Մենք շատ լավ հասկանում ենք և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։ Հնարավոր չէ՝ մենք մնանք ԵԱՏՄ-ում և դառնանք ԵՄ անդամ։ Մենք մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք և, երբ կգա այն պահը, որ մենք պետք է որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Այստեղ որևէ նորություն չկա և կրկին՝ դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն»,-հավելեց նախարարը՝ շեշտելով, որ  ՀՀ-ն հակված է բոլոր ուղղություններով դրական, առողջ, փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված համագործակցության շարունակման։

Վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Հայաստանի իշխանություններին առաջարկել էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի դեռ Եվրամիությանը մոտենալու գործընթացը և ԵԱՏՄ-ին անդամակցությունը միմյանց չեն խանգարում։