ՇՄ նախարարը և Հայկական Կարմիր խաչի ընկերությա...

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության տնօրեն Դավիթ Ներսիսյանին և կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ՝ կապված բնապահպանական ծրագրերի իրականացման, կլիմայի փոփոխության մեղմման, աղետների ռիսկի նվազեցման և բնակչության իրազեկման բարձրացման հետ։

Նախարարը բարձր է գնահատել Հայկական Կարմիր խաչի ընկերության պատրաստակամությունը՝ աջակցելու նախարարության նախաձեռնություններին այս կարևոր ոլորտներում։

Քննարկման առանցքային թեմաներից էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Կողմերը անդրադարձել են հնարավոր համագործակցությանը համաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում՝ մասնավորապես մասնագիտացված կամավորների ներգրավման ուղղությամբ։

Նախարարը վստահություն է հայտնել, որ պետական և հասարակական կառույցների սերտ համագործակցությունը կարող է զգալիորեն նպաստել բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։