Շատերի համար այլևս գաղտնիք չէ, որ 2018 թվականին տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» իրական բնույթի վերաբերյալ մինչ օրս բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել։ Մենք բազմիցս պնդել ենք, որ տեղի ունեցածը դասական իմաստով հեղափոխություն չէր, այլ իշխանահանձնում, որը հանրությանը ներկայացվեց հեղափոխության տեսքով։
Այս հարցերի բացահայտման ուղղությամբ Politik.am-ը տարիներ շարունակ մեծ աշխատանք է կատարել։ Մեր հրապարակումները, բացահայտումներն ու վերլուծությունները բազմաթիվ դրվագների վրա նոր լույս են սփռել և օգնել հասկանալու, թե իրականում ինչ գործընթացներ էին տեղի ունենում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին։
Օրերս 2018-ի իրադարձությունների վերաբերյալ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը իշխանափոխության օրերին գրեթե շուրջօրյա ռեժիմով գտնվում էր Նիկոլ Փաշինյանի կողքին։
Հարցազրույցներից մեկում Սարգսյանը պատմել է, որ վարչապետի ընտրությանը նախորդող գիշերը իրենք սպասում էին, որ ուժայինները պետք է գան, իրենց հեռացնեն տարածքից, ցրեն կամ ձերբակալեն։ Նրա խոսքով՝ իրենց համար նույնիսկ զարմանալի էր, թե ինչու ոստիկանությունը չի միջամտում։
Սարգսյանը հիշել է նաև, որ այդ ժամանակ այնտեղ գտնվող «Սասնա ծռերի» հետ կապ ունեցող որոշ անձինք կասկածներ էին հայտնում՝ փաստարկելով, որ իրենց փոքր ակցիաների ժամանակ ոստիկանությունն անմիջապես միջամտում և բերման էր ենթարկում մասնակիցներին, մինչդեռ այդ օրերին իշխանությունները ցուցաբերում էին անհամեմատ ավելի մեծ հանդուրժողականություն։
Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է հենց այն պատճառով, որ նա իրադարձություններին հետևող կողմնակի դիտորդ չէր։ Նա այդ օրերին Փաշինյանի թիմում էր և գործընթացների անմիջական մասնակիցներից մեկը։ Եվ հիմա փաստացի հաստատում է, որ նույնիսկ Փաշինյանի շրջապատում գտնվող մարդկանց համար անհասկանալի էր Սերժ Սարգսյանի իշխանության և ուժային կառույցների վարքագիծը։
Հայկ Սարգսյանն այս միտքը պատահաբա՞ր է արտահայտել, թե՞ իշխանական թիմից դուրս մնալուց հետո ակամա բացում է 2018 թվականի ամենակարևոր չպատասխանված հարցերից մեկը՝ արդեն երկրորդական է։
Առավել կարևոր է նրա վկայության բովանդակությունը. 2018-ի իրադարձությունների անմիջական մասնակիցն ասում է, որ իրենք սպասում էին ուժայինների գործողություններին և զարմանում էին, որ դրանք տեղի չեն ունենում։
Հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ ինչո՞ւ։
Ինչո՞ւ էր ոստիկանությունը, որը նախկինում շատ ավելի փոքր բողոքի ակցիաների ժամանակ կարող էր կոշտ միջամտել, այդ վճռորոշ օրերին դրսևորում նման զսպվածություն։ Ո՞վ էր ընդունել չմիջամտելու որոշումը։ Դա քաղաքական որոշո՞ւմ էր, և եթե այո՝ ո՞ւմ կողմից էր այն կայացվել։
Այս հարցերի պատասխանները պետք է տան առաջին հերթին Սերժ Սարգսյանը և այդ ժամանակ ոստիկանությունը ղեկավարող Վլադիմիր Գասպարյանը։
2018 թվականից անցել է ավելի քան ութ տարի, բայց այդ իրադարձությունների ամբողջական պատկերը դեռևս բացված չէ։ Եվ որքան շատ են խոսում գործընթացի անմիջական մասնակիցները, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ «թավշյա հեղափոխության» պաշտոնական պատմությունից դուրս դեռ բազմաթիվ դրվագներ կան, որոնք հանրային ու քաղաքական բացատրության կարիք ունեն։



