Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և սահմանը բացելու հեռանկարների մասին լրագրողի հարցին։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։



