Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և ան...

Շինարարական հրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն ունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում։ 

Ուղեցույցում ներառված են գործատուի և աշխատողի պարտականությունները, կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, շինհրապարակի կահավորման նշանների և ցուցանակների օրինակներ։

Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թ. մարտի 5-ի N 07-Ն հրամանով հաստատված ուղեցույցում կատարվել են փոփոխություններ, և ներառվել է հատուկ աշխատանքների կարգագիր-թույլտվության օրինակելի ձև՝ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։