
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մտադիր է հետևողականորեն զարգացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ բազմաշերտ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին տված հարցազրույցում։
«Մենք մտադիր ենք հետագայում նույնպես աստիճանաբար մեծացնել [ՀԱՊԿ-ի հետ] բազմակողմանի կապերը։ ՇՀԿ-ն բաց կազմակերպություն է, որը պատրաստ է փոխշահավետ համագործակցություն սկսել բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք կիսում են մեր նպատակներն ու սկզբունքները», այդ մասին նա շեշտել է հրատարակության կայքում հրապարակված հարցազրույցում։
Ըստ Երմեկբաևի՝ ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը շարունակում են իրենց փոխգործակցության իրավական բազայի թարմացման աշխատանքները՝ շեշտը դնելով գործնական արդյունքների բարձրացման վրա։ «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՀԱՊԿ - ԱՊՀ - ՇՀԿ ձևաչափով։ ՇՀԿ քարտուղարության ներկայացուցիչները հրավիրվում են որպես դիտորդներ՝ ՀԱՊԿ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին», - ավելացրել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը։
Ինչպես նշել է Երմեկբաևը՝ ՇՀԿ-ն ակտիվորեն գործում է նաև տարածաշրջանային մակարդակում։ Բացի ՀԱՊԿ-ից, նրա երկարամյա գործընկերներն են նաև Անկախ Պետությունների Համագործակցությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցությունը և այլ տարածաշրջանային միավորումներ։