Շենգավիթի դատախազությունում ամփոփվեցին 2025 թ...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ ամփոփվել են Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժորա Թովմասյանը, ներկայացնելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2578 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2256 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 705 քրեական վարույթ՝ 729 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 549 քրեական վարույթ՝ 574 անձի վերաբերյալ):

Ժորա Թովմասյանի խոսքով՝ դատարաններում ավարտվել է 473 քրեական գործ՝ 492 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 538 քրեական գործ՝ 571 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 948 հազար դրամ. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ժորա Թովմասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել են վարչական շրջանի տարածքում գործող մանկապարտեզներին, մասնավորապես՝ թիվ 14 մսուր-մանկապարտեզին և թիվ 255 (144) մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրական նորմերի պահանջների խախտմամբ մանկապարտեզի շինություններից երրորդ անձանց օտարվել են տարածքներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչական դատարան են ներկայացվել վարչական ակտը և դրա գործողության արդյունքում առաջացած հետևանքները վերացնելու պահանջի մասին հայցադիմումներ:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել է նաև նույն վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի 34/16 հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանը և բենզալցման կայանը: Ուսումնասիրության արդյունքում՝ հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան: