Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հռետորաբանությունը բացառապես հիմնված է անձնական սպառնալիքների, վիրավորանքների, քաղաքական ընդդիմախոսներին ու նրանց ընտանիքի անդամներին թիրախավորելու վրա, սակայն մենք ոչ մի դեպքում չենք իջնի այդ մակարդակին և չենք շեղվի մեր կառուցողական ուղուց։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա ամփոփել է նախընտրական քարոզարշավի անցած շաբաթը՝ արձանագրելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բովանդակային ու ծրագրային երկխոսության բացակայության պատճառով, նախընտրական պայքարը տեղափոխել է ոչ կոռեկտ բառապաշարի և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների դաշտ։ Տոնոյանն առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված տեսանյութին, որտեղ վիրավորական տոնով թիրախավորվել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները։



