ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին օրենքով արգելելու նախաձեռնությանը:
«Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին:
Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:
Սակայն ինձ զարմացրեց մեկ այլ բան:
Մեծ թվով օգտատերեր, այս նախաձեռնությունը ողջունելով, կոչ էին անում օրենքով արգելել նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին:
Սիրելի հայրենակիցներ, ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց ԱՐԳԵԼՎԱԾ է: Եթե նկատում եք նման երևույթներ, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաների առողջությանը:
Ինչ վերաբերում է էներգետիկներին, հիշեցնեմ, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցինք օրենսդրական փաթեթի, որով.
- արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին,
- սահմանափակվում է էներգետիկ ըմպելիքների գովազդը,
- արգելվում է անչափահասներին ներգրավել էներգետիկ ըմպելիքների արտադրության, գովազդի, առևտրի և նման այլ աշխատանքներում:
Նախագծի հեղինակներն են՝ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը:
Նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանը կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում:
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ամբողջական ընդունումից 6 ամիս հետո»,- գրել է Թունյանը:
Հիշեցնենք՝ ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: