«Այս պահին կապ ենք հաստատել և անմիջականորեն բանակցում ենք նախնական մեկ ավիաընկերության հետ, որպեսզի քաղաքացիներին կարողանանք երկու չվերթով Հայաստան բերել: Հիմա ուզում ենք հասկանալ ինչպես ենք հատկացնելու այդ չվերթների գումարը», - այս մասին Politik.am-ին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու խնդրին:
Հիշեցնենք, որ չվերթը չեղարկվել էր հայկական տուրիստական ընկերության կողմից հունական ավիաընկերությանը գումարը չվճարելու պատճառով: Տուրիստական ընկերությունը այս պահին էլ չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու համար :
«Շատ հավանական է, որ առաջին չվերթը իրականացնենք այսօր Երևանի ժամով 17:00-ին: Վերջնական անելիքների մասին հստակ տեղեկություն կտրամադրենք 2-3 ժամից»,- հավելեց Վարագ Սիսեռյանը:



