Ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին, և սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել ԵՄ-ի այդ մեծ ընտանիքը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Շատ հետաքրքիր միջադեպ եղավ: Երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ. մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է, և շուտով նրանք հանրաքվե են ուզում կազմակերպել, և մենք զրուցում էինք, շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ ընթացակարգ: Մենք շատ զգուշորեն, բայց հստակ բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը և խաղաղությունը: Ես վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խոր երախտագիտությունս հայտնել»,- նշեց Լեհաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ նախարար Կամիշը մեծապես ներգրավվել է համագործակցության մեջ. դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրումը:
«Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի: Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը, որ 2 երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, լինենք միասին, և որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրների, մեր ժողովուրդների համար»,- ասաց Տուսկը:



