Չորեքշաբթի Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան անցումային փուլի նախագահ է հռչակվել:
Շարաային նաև իրավասություն է տրվել ձևավորելու ժամանակավոր օրենսդրական խորհուրդ՝ անցումային շրջանի համար, կասեցվել է Սիրիայի սահմանադրությունը, ասվում է Ասադի դեմ հարձակումը գլխավորած ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: Որոշումներն ընդունվել են նախկինում Ալ Քաիդայի մասնաճյուղը համարվող իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինվորական հրամանատարների հանդիպման արդյունքում:
Ելույթ ունենալով համաժողովում՝ Շարաան ասել է, որ Սիրիայում առաջնահերթությունը «օրինական ճանապարհով» կառավարությունում վակուումը լրացնելն է: Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիական խաղաղությունը պետք է պահպանվի անցումային արդարադատության միջոցով՝ կանխելով վրեժխնդրության դրսևորումները, պետական հաստատությունները, առաջին հերթին՝ բանակն ու անվտանգության ուժերը, պետք է վերականգնվեն, տնտեսական ենթակառուցվածքները` զարգանան:
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե երբ կարող է ընտրվել նոր օրենսդիր մարմինը, կամ նոր մանրամասներ չեն տրամադրվել անցումային ժամկետների վերաբերյալ: Դա էլ հիմք է տվել շատերին ենթադրելու, որ Շարաան և իր կուսակցությունը մտադիր են ամրապնդել միակուսակցական իսլամիստական կառավարումը` գրում է Reuters-ը: