
Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն»,- գրել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։