Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ:
Այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
«Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»,-ասաց փոխնախարարը:
Օրինակ՝ կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները՝ 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով և այլն: