Նոր և անվտանգ երթուղի. շահագործման հանձնվեց բարեկարգված Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի Մ-6 Վանաձոր-Բագրատաշեն հատվածը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նախ միջպետական ճանապարհ է և հանգուցային կարևոր դեր ունի դեպի Բագրատաշենի ուղղությամբ ուղևորների և բեռնափոխադրման գործում:
«Բագրատաշենի անցակետը ամենամեծ թողունակություն ունեցող անցակետն է և շատ բեռներ, ուղևորներ են անցնում այդ անցակետով, այդ պատճառով այս ճանապարհի կառուցմամբ մենք բավական մեծ ծավալով կարգավորել ենք մեր վարորդների, ուղևորների հարմար, անվտանգ երթևեկությունն այդ ուղղությամբ: Այս ճանապարհի միջպետական նշանակությունը շատ մեծ է, և մեր տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ ուղևորների և բեռնաշրջանառության այս բարեկարգման կարիքը շատ մեծ էր»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ շինարարական բուն աշխատանքներն ընթացել են 2018 թվականից հետո: «Այս ճանապարհի կառուցումը բավականին բարդ է եղել, հաճախ առաջ են եկել դժվարություններ, որոնք նախագծողները նույնիսկ չեն էլ կանխատեսել, բայց այսօր հավաքվել ենք փաստելու, որ թեև առկա դժվարություններին, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է իրականացվել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի գործընկերների և մի շարք այլ գործընկերների ու շինարարների հետ համատեղ գտել ենք լուծումները և հիմնական մասն ավարտելով՝ ծրագիրը փակել ենք»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ ճանապարհի մի հատված կա, որն առանձին ծրագրով պետական բյուջեի հաշվին այժմ իրականացվում է:
Ըստ նախարարի՝ իրականացվել է շուրջ 51 կիլոմետր ճանապարհի բարեկարգում, որն, իհարկե, զուտ ճանապարհին չի վերաբերվում, քանի որ բարեկարգվել է նաև ճանապարհամերձ հատվածներն, անվտանգության գոտիները, մի շարք լուծումներ են տրվել քարաթափումների ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել են լայնացումներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ ճանապարհի այս հատվածը «Հյուսիս-հարավ»-ից հետո ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագիրն է, որն իրականացվել է: