Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ ք...

Հայաստանի Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդություններին կողմ է քվեարկել 59 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերագրվում է մի շարք հանցավոր արարքների կատարում՝ կապված «Սևան» ազգային պարկի տարածքում պետական հողատարածքի ապօրինի զավթման, առանձնատան կառուցման, գույքի չհայտարարագրման և կաշառքի դիմաց շինարարական կազմակերպություններին առավելություններ տրամադրելու հետ։

Քննությամբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարար եղած տարիներին, առանց իրավական հիմքերի տիրապետել է ավելի քան 1 հա պետական հողատարածքի, որի վրա կառուցվել է առանձնատուն։ Այնուհետև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նա կազմակերպել է տարածքի օրինականացումը՝ հողամասը փոխանցելով իր հետ փոխկապակցված անձի անվամբ։ Ըստ մեղադրանքի՝ այդ գործընթացում ներգրավվել են նաև ՊՆ ենթակա ստորաբաժանումներ և շինարարական ընկերություններ, որոնցից մեկը, ըստ ՔԿ հաղորդման, կատարված աշխատանքի դիմաց չվճարված գումարը դիտարկել է որպես կաշառք։

Սեյրան Օհանյանին առաջադրվելու են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում (հետագա ծանր հետևանքներով),

առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ, ապօրինի ծագում ունեցող գույքը օրինականացնել և հայտարարագրման ենթակա գույքի թաքցնում։

Դատախազ Վարդապետյանը ներկայացրել է նաև Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։ Ըստ ներկայացված փաստերի՝ վերջինս 2016-2018 թթ. Բնապահպանության նախարարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելով՝ խոչընդոտել է իրավական ընթացակարգերով ապօրինի զավթված հողատարածքի առգրավմանը, ընդհակառակը՝ մասնակցել է դրա օրինականացման գործընթացին։

Քննությունը բացահայտել է, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ նշված տարածքում ինքնակամ կառուցվել է առանձնատուն՝ Սեյրան Օհանյանի համար, սակայն պաշտոնապես մրցույթ է կազմակերպել տարածքը կառուցապատման իրավունքով փոխանցելու համար՝ ի վերջո ապահովելով նրա շահերը ներկայացնող անձի հաղթանակը։

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։