Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։
Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։
Ոռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։
2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 181 միլիոն 302 հազար խմ ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն դիտվել։