Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հեկտար մակերեսով հողամասը ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Սևան» ազգային պարկին։
Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 13 միլիոն 404 հազար դրամ։
«Գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է դատական ակտով։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրը, ինչպես նաև դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասաց նա։
Նախարար Խուդաթյանի խոսքով՝ գույքի նկատմամբ արդեն պետական սեփականության իրավունքը գրանցված է, և դրա պահպանման ու արդյունավետ կառավարման համար այն ամրացվել է «Սևան» ազգային պարկին՝ անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքի հիմքով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նիստում ներկայացրեց դատական պրոցեսի մանրամասները՝ ընդգծելով, որ հողամասն անօրինական հիմքերով փոխանցվել էր մասնավոր անձանց։
«Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, ինչի արդյունքում 1,5 հա տարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին։
Միաժամանակ անվավեր էր ճանաչվել «Կարեն» կոոպերատիվի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ դատաքննությամբ պարզվել էր, որ 1997 թ․ մարզպետի որոշմամբ տարածքը անհիմն գրանցվել էր «Կարեն» կոոպերատիվի անունով, 2008–2009 թթ․ կնքված պայմանագրով կոոպերատիվին տրամադրվել էր արդեն կառուցապատված հողամաս, գրանցման փաստաթղթերում առկա էին հակասություններ և իրավական անհամապատասխանություններ։
«2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հա մակերեսով 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քմ շենք-շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,- եզրափակեց Վարդապետյանը։



