Սերժ Սարգսյանը ստում է․ ի՞նչ կոմպրոմատներ նա...

Երեկ դատարանի բակում լրագրողների հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանը հանդես եկավ ինքն իրեն հակասող հայտարարություններով։

Նախ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը չի տիրապետում Նիկոլ Փաշինյանին առնչվող սեռական/ինտիմ բնույթի կոմպրոմատների։ Սա այն դեպքում, երբ դեռևս 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հենց Սերժ Սարգսյանն էր ասել, որ ունի տեղեկություններ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին, որոնց հրապարակայնացումից հետո, ըստ նրա, հասարակությունը կթքի Փաշինյանի երեսին, և նա անգամ փողոց դուրս գալ չի կարողանա։

Նույն հայտարարության շրջանակում Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս հրապարակեր թեկուզ մեկ փաստ իր՝ կազինո խաղալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով հրապարակել վարկաբեկիչ փաստեր իր և իր ընտանիքի մասին։ Սակայն հաջորդ օրը, երբ լրացավ այդ ժամկետը, Սարգսյանն արդեն հայտարարում էր, թե ի պաշտոնե տիրապետում է շատ գործիչների անձնական և ընտանեկան գաղտնիքների, սակայն մտադիր չէ «կեղտոտ սպիտակեղեն» հրապարակ բերել։ Կարծում ենք ավելորդ է բացատրել, որ «կեղտոտ սպիտակեղեն» արտահայտությունն օգտագործվում է, որպես կանոն, հենց սեռական բնույթի պատմությունների համատեքստում։

Մենք մեր նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ փաստացի՝ Սերժ Սարգսյանի այդ ժամանակվա հայտարարությունից հետո նրա և Նիկոլ Փաշինյանի միջև, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչն էլ ստիպել է Սարգսյանին դրժել իր իսկ խոստումը և չհրապարակել խոստացված փաստերը։ Այն, որ նման պայմանավորվածություն գոյություն է ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը երբեք հրապարակային չարձագանքեց այդ հայտարարությանը՝ չնայած այն վերաբերում էր ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքի անդամներին։ Հատկապես ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում էր նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին։

Ստացվում է, որ այդ կոմպրոմատի առկայությունն է կարգավորում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների սահմանները։

Այսօր, երբ Փաշինյանը հորինված կոմպրոմատներով հարվածում է Հայ Առաքելական Եկեղեցուն և թիրախավորում հոգևորականներին, շատերը կարծում են, որ ճիշտ ժամանակն է նույն հարթության մեջ պատասխանել նրան։  Քաղաքացիները այս օրերին պահանջում են, որ իր ձեռքի տակ եղած փաստերով Սերժ Սարգսյանը կանգնեցնի Նիկոլ Փաշինյանին։ Իր ձեռքի տակ եղած կոմպրոմատներով անձնական անվտանգությունը երաշխավորած Սերժ Սարգսյանը կարող է, և մարդկանց  կարծիքով՝ պարտավոր է, օգտագործել այդ տեղեկատվությունը՝ հանուն հասարակության անվտանգության։

Եթե այսօր էլ Սարգսյանը պահում է այդ «կեղտոտ սպիտակեղենը» իր հոգու խորքում, ապա արդարացի հարց է ծագում՝ ո՞ր օրվա համար է նա պահպանում այդ, ենթադրաբար ապօրինի ճանապարհով ձեռք բերված, սեռական բնույթի կոմպրոմատները։ Կարծում ենք՝ այս հարցի պատասխանը հստակ է և ակնհայտ։

Այս պատմության մեջ հարցեր կան նաև Նիկոլ Փաշինյանին։

Եթե նա այդքան հետաքրքրված է հոգևորականների բարոյական նկարագրով, ապա նախ և առաջ պետք է խոսի իր և իր ընտանիքի բարոյական նկարագրի մասին։ Նշվածը պետք է սկսվի պարզ բացատրությամբ՝ ինչու՞ 2021-ին նա չարձագանքեց Սերժ Սարգսյանի հրապարակային մեղադրանքներին։ Ինչպե՞ս պատահեց, որ ընդդիմադիրներին անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանը չկարողացավ նույնիսկ կես բառ ասել՝ երբ խոսքը վերաբերում էր իր ընտանիքի բարոյականությանը, այն էլ՝ հրապարակային վիրավորանք պարունակող հայտարարության ֆոնին։

Եկեղեցու սպասավորների բարոյականությունը վերահսկող «անձնաժողովի» անդամի դեր ստանձնած Նիկոլ Փաշինյանը պետք է շատ հստակ ասի՝ ի՞նչ կոմպրոմատներ են պահվում Սերժ Սարգսյանի մոտ իր և իր ընտանիքի մասին։ Ի՞նչ «կեղտոտ սպիտակեղենի» մասին էր խոսքը։ Իսկ գուցե այդ սպիտակեղենն այնքան կեղտոտ է, որ Փաշինյանը նույնիսկ իրավունք չունի խոսելու «Ջունգլի Անոյի» բարոյական սխալների մասին։