Ես հասկացա, որ մարդիկ կան՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ են մեղադրում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարություններին։
«Ես ուզում եմ արձանագրել, թե արդյոք ՀՀ որևէ իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որ իշխանությունն է ճանաչել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի ժամանակ, քանի որ երբ Մադրիդյան սկզբունքները ընդունել է բանակցային հիմք, այդ ժամանակ ճանաչել է»,– ասաց նա և նշեց, որ այդ մասին ասել է, որից հետո հակադարձում չի եղել։
«Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակայնորեն Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ, և ՀՀ–ն իր և իր ղեկավարի այդ գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչ օրս, և պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները հնարավոր է՝ մենք երբևէ չկարողանանք հաղթահարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները»,– ասաց նա և նշեց, որ այդ ժամանակ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են ճանաչել, այլ ՀՀ–ն։
«Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան, և դա տեղի է ունեցել 2007–2008 թվականներին, և եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանն էլ են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով բանակցային գործընթացից և 1999 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան»,–ասաց նա։
Նա նշեց, որ այդ ամենը հետ շրջելու համար անկեղծ պայքարել են և չեն հաջողել և ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու։ «Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունը այն է, որ ես ասել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ, և սա ամենաարդարացված քննադատությունն է համարվում։ Այն, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ամենամեծ քննադատությունը ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ իմ՝ իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից։ Հիմա մեր ընտրությունը հետևյալն է. այս իրողությունները հաշվի առնելով գործել, թե ոչ՝ թող պատասխանեն այս հարցերին»,– ասաց նա և նշեց, որ իրենց ուղղված բոլոր քննադատությունների հասցեատերերը նախկիններն են։
«Այն թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով և այդ բանաձևերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ, Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»,– ասաց նա և նշեց, որ իրենք հայտարարում են խաղաղության օրակարգ։
Նա ասաց, որ հայտարարված օրակարգն իրագործելու պատասխանատվությունը ստանձնում է և ակնկալում է խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։ «Չգիտեմ, թե իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի և հետո քանի հոգի զբոսանքի դուրս կգան, ես էլի այստեղից ասում եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով»,– ասաց նա և նշեց, որ տեսնում է ճանապարհ՝ գնալու։



