Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին մի քանի հարցազրույցների ընթացքում հատուկ ընդգծել է, որ ինքը, իր թիմը ժողովրդին չեն մեղադրում։ Սա իսկապես հարգալից մոտեցում է սեփական ժողովրդի նկատմամբ, բայց կարծես թիմում Սերժ Սարգսյանից բացի մնացածը այդպես չեն կարծում։
Հատկապես Լաչինի միջանցքում եղած բնակավայրերի հանձնումից հետո Սերժ Սարգսյանի շատ թիմակիցներ և աջակիցներ հիշեցին 2018 թվականը և սկսեցին մեղադրել ժողովրդին։ Մեկը գրում է, թե «Նախիրը մերժեց Սերժին, որ Լաչինը հանձնեն թուրքին: Պատասխան եք տալու ժեխեր», մյուսը «Սերժ մերժողներ, կերեք», մեկ ուրիշը հայտարարում է, թե 2018 թվականի ամեն ծափ մեկ զինվորի կյանք է արժեցել, չորրորդն էլ հայտարարում է, թե ժողովուրդը դուրս էր եկել, որպեսզի Արցախը հանձներ:
Ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շատ թիմակիցների, 2018 թվականին փողոց դուրս եկած ժողովուրդը խելագարների մի զանգված է եղել, իրենց բնորոշմամբ «նախիր», որն առանց պատճառ դժգոհություններ է ունեցել։
Իհարկե այս ամբողջ աղմուկի մեջ կան նաև ադեկվատ կարծիք արտահայտողներ, օրինակ ՀՀԿ խորհրդի երիտասարդ անդամ Տիգրան Վարդանյանը, ով ընդունում է, որ եղել են սխալներ ու ժողովրդի հետ եղել է կոմունիկացիայի խնդիր, բայց իր կամ իր նման մտածող ՀՀԿ-ականների խոսքը կարծես այդքան էլ բարձր չի հնչում։
Այս ամենին ֆոնին մեկ հարց է առաջանում՝ տեսնու՞մ է արդյոք երրորդ նախագահը, թե ինչպես են իր աջակիցները, հաճախ թիմակիցները խոսում սեփական ժողովրդի մասին, չէ որ ինքը 10 տարի այդ ժողովրդի նախագահն է եղել, արդյո՞ք չի վիրավորվում, երբ իր երկրի քաղաքացիներին «նախիր» են անվանում կամ երբ փորձում են այս իշխանության հանցավոր քաղաքականության հետևանքով եղած զոհերը գցել 2018 թվականին փողոց դուրս եկած ժողովրդի «գրպանը»։ Եթե տեսնում է, արդյո՞ք չի կարողանում սաստել այդ մարդկանց։ Եթե այդ մարդիկ հանուն Սերժ Սարգսյանի են ժողովրդին պիտակավորում, ապա վստահաբար նրա խոսքով նաև կդադարեցնեն նման գործելաոճը։
Հ․Գ․ Ի դեպ զարմանալի է նաև, որ իշխանական ֆեյքերից ու ազատ խոսքի դեմ ճնշումներից բողոքող ՀՀԿ-ականները նույն վարքն են դրսևորում՝ ինչ իշխանությունները, երբ խոսք է գնում իրենց քննադատող գործիչներին ճնշելու մասին։



