Սերժ Սարգսյանի թիմը հրաժարվել է Փաշինյանին ան...

Օրեր առաջ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ խորհրդարան է ներկայացրել «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծ, որն առաջիկայում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում։

Սերժ Սարգսյանի թիմակիցները սա ներկայացնում էին որպես իրենց նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի բաղադրիչ և ստեղծում էին տպավորություն, թե խորհրդարանում քննարկվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Հայտարարության հետ զուգահեռ նրանք սկսեցին թիրախավորել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությանը։

Քարոզչական աղմուկ բարձրացրածներն այս օրերին հանրությանը չեն տեղեկացնում, որ հայտարարության նախագծի անվանումը փոխվել է։ Այն այլևս որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ։ Առաջին նախագիծը մերժվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, և «Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է նոր նախագիծ՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին»։

Սա անատամ, ոչինչ չասող նախագիծ է, որին համաձայնել են Սերժ Սարգսյանի թիմակիցները, սակայն քարոզչական դաշտում շարունակում են տպավորություն ստեղծել, թե իրենց հայտարարության նախագծի թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։