Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ալիեւի հետ

Ռուս-թուրքական հուշագիրը Սիրիայի վերաբերյալ, որը ստորագրվել է Սոչիում երկու պետությունների ղեկավարների կողմից, առանց դժվարության չի իրագործվում, բայց դա է հանրապետության ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հուշագիրը, որը ստորագրել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, իրագործվում է ոչ առանց դժվարության, բայց տեսնում ենք, որ դա, հավանաբար, խաղաղություն հասատելու եւ Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցն է»,- ասել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ «Ռուսաստանն այսօրվա դրությամբ ձեռք է բերել հսկայական փորձ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ «Փորձ, որը մենք պատրաստ ենք կիսել մեր գործընկերների հետ։ Դա վերաբերում է ե՛ւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, ե՛ւ հումանիտար աջակցությանը՝ ականազերծմանը, բուժօգնությանը եւ շատ այլ բաների»,- թվարկել  է նա։

Անդրադառնալով կոալիցիոն ռազմաշինությանը՝ Շոյգուն նշեց, որ օրակարգն այստեղ «բավական լայն է»։ «Համագործակցությունը զարգանում է ըստ պլանի, որը մենք միասին դիտարկում ենք եւ հաստատում»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Ալիեւը չորեքշաբթի ընդունել է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին, որոնք ժամանել են Բաքու՝ մասնակցելու Համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ ընդունել են հուշագիր Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների մասին։