Սերբիայում ցուցարարները հավաքվել են խորհրդարա...

Մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ, որոնք վիրավորում են ոստիկաններին, ժամանակ առ ժամանակ նրանց վրա հրավառ նյութեր նետում, հայտնում է Tanjug-ը։

Սերբիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բելգրադի կենտրոնում մի քանի վայրերում միջադեպեր և ծեծկռտուքներ են տեղի ունեցել որոշ ցուցարարների միջև, ովքեր մի քանի անգամ հարձակվել են ոստիկանների վրա՝ փորձելով թույլ չտալ նրանց կատարել իրենց պարտականությունները և հրահրել ավելի մեծ անկարգություններ:

Նշվում է, որ ՆԳՆ աշխատակիցներն իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկում են բոլոր միջոցներն ու գործողությունները՝ կանխելու այս միջադեպերի հետագա սրումը, հասարակական կարգն ու անդորրը պահպանելու, քաղաքացիներին պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար։

Ընդգծվում է, որ ոստիկանությունը վերջին նախազգուշացումն է արել՝ անհապաղ դադարեցնել բոլոր հարձակումներն ու սադրանքները ոստիկանների նկատմամբ, հակառակ դեպքում ոստիկանությունը, օրենքով սահմանված կարգով, ստիպված կլինի միջամտել և պաշտպանել իր աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ այսօր Սերբիայի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել։

Երկրում չորս ամիս շարունակվում են ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերն այն բանից հետո, երբ 15 մարդ զոհվեց, երբ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադում երկաթուղային կայարանում  փլուզվեց հովանոցը: