
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին բացման խոսքով է հանդես եկել «Վնասից դեպի արդարադատություն. սեռական բռնության գործերով դատական քննության բարեփոխման ուղենիշները Հայաստանում» թեմայով դատական մոնիթորինգի արդյունքների ներկայացման քննարկմանը։
ՄԻՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դատական համակարգի, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում վերհանվել և քննարկվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնց բախվում են սեռական բռնություն վերապրած անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի հետ առնչվելիս։
Հատուկ ուշադրություն է դարձվել դատական գործընթացներում միջազգային չափանիշների կիրառմանը և վերապրածների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։
Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ սեռական բռնություն վերապրած անձինք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին․ «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն` ցույց տալու սեռական բռնություն վերապրած անձանց, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին։ Սրանք հարթակներ են, որոնք բարձրացնում են իրազեկվածությունը և խթանում համակարգային բարեփոխումները»։
Անդրադառնալով թեմայի զգայուն բնույթին՝ Անահիտ Մանասյանը շեշտել է․ «Զգայուն թեմաների մասին բարձրաձայնելը հաճախ արժանանում է ոչ միայն հանրային, այլև մասնագիտական շրջանակների կողմից թիրախավորման։ Սա մտահոգիչ ազդակ է, քանի որ վկայում է խորը համակարգային խնդիրների առկայության մասին։ Անհրաժեշտ է սեփական օրինակով ցույց տալ, որ նման հարցերը պետք է լինեն մարդու իրավունքների օրակարգային առաջնահերթություն»։
Պաշտպանը նաև կարևորել է ոլորտի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական ոտնձգության, սեռական բռնության խնդրի ընկալման առումով նույնիսկ խորքային խնդիրներ կան։ Սա լրջորեն խոչընդոտում է բռնության կանխարգելման և վերապրածների աջակցման մեխանիզմների արդյունավետությունը։ Մեր երկրում մարդու իրավունքների կրթության տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է վերանայվեն, քանի որ առկա մոդելները հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», - ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Նա հավելել է, որ խնդրի լուծման ճանապարհը միայն համատեղ, համակարգված աշխատանքն է․ «Մենք՝ որպես ինստիտուցիոնալ պաշտպանություն իրականացնող կառույց, շարունակելու ենք վեր հանել և պետական մարմինների ուշադրության կենտրոնում պահել սեռական բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս թեմաները ոչ միայն իրավական, այլև մարդկային ճակատագրերի վրա ազդող խնդիրներ են, որոնց լուծումը պետք է իրականացնել բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական ստանդարտների համադրմամբ»։