Սեպտեմբերի 19-ին հիշատակի երթ Երևանում՝ զոհվա...

2026 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում նախատեսվում է անցկացնել «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաք և լուռ սգո երթ՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և նահատակների։ Այդ մասին Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել Զոհվածների հարազատների նախաձեռնության անդամ Հասմիկ Միքայելյանը։

Հանրային հավաքի և լուռ սգո երթի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 1988-2023 թվականներին Արցախի ազատության, անվտանգության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին, ինչպես նաև ոգեկոչել անհայտ կորածներին, գերության մեջ գտնվող հայրենակիցներին, ռազմական գործողությունների, բռնի տեղահանության և դրանց հետևանքների պատճառով զոհված խաղաղ բնակիչներին ու 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերին։

Հավաքը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարի հարակից տարածքում։ Այնտեղից մասնակիցները լուռ սգո երթով կշարժվեն դեպի պանթեոնի տարածք։ Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 15։00-ին։

Երթի ավարտին էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախատեսվում է իրականացնել հիշատակի արարողություն՝ աղոթքով, ծաղիկների խոնարհմամբ զոհվածների շիրիմներին և լռության րոպեով։