Սեպտեմբերի 1-ից անցկացվելու է «Զգուշացեք, երե...

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի եւ մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ եւ անվտանգ երթեւեկություն։

Հանցագործությունները, մասնավորապես՝ գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների եւ գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։ Խոսվեց նաեւ ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացման մասին։

Հանձնարարվել է համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։