Ազգային ժողովում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համակարգում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն։ ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նախատեսվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ սահմանելով հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։
«Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից»,- ասաց նախարարը։
Ըստ նախարարի՝ հավելավճարը կկիրառվի հետևյալ չափերով․ պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոս, երրորդ տարում՝ 35 տոկոս, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի։
Գալյանի խոսքով՝ նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման համար հաշվի կառնվեն նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահին ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները։
«Մեկնակետը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է»,- ընդգծեց նախարարը։



