ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 ան...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների ունեցվածքն ու դրա փոփոխությունները տարիների ընթացքում։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի մասնագիտական ուղին, ինչպես նաև նրա ունեցվածքը։

Դասախոսից՝ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երկար տարիներ իր մասնագիտական գործունեությունը կապել է Երևանի պետական համալսարանի հետ։ 1993-1994 թվականներին նա աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս, 1994-2002 թվականներին՝ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում՝ որպես ասիստենտ, իսկ 2002-2005 թվականներին՝ նույն ամբիոնում՝ որպես դոցենտ։ 2005-2021 թվականներին Վաղարշյանը եղել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2014 թվականից՝ պրոֆեսոր։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին։

2021-ին՝ 8 անշարժ գույք և երկու ավտոմեքենա։ 2021 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ Արթուր Վաղարշյանի անունով այդ ժամանակ առկա է եղել 8 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի գույքը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Լճաշենում գտնվող մի քանի հողամաս և անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Գույքի մի մասը համատեղ սեփականություն է, իսկ Լճաշենի հողամասերից մեկը՝ միանձնյա սեփականություն։ Բնակելի տունը ձեռք է բերվել ժառանգությամբ՝ 1993 թվականին, իսկ Երևանի անշարժ գույքը՝ գնմամբ՝ 2001 թվականին։ 2021 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերվել, ինչպես նաև որևէ գույք չի օտարվել։ Տարվա վերջում հայտարարագրված է եղել նույն 8 անշարժ գույքը։ Վաղարշյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ 2007 թվականի LEXUS և 1993 թվականի OPEL։ Երկուսն էլ ձեռք են բերվել ավելի վաղ՝ համապատասխանաբար 2013 և 2002 թվականներին։ 2021 թվականին նոր մեքենա չի ձեռք բերվել կամ օտարվել։

2021-ին՝ 5 մլն դրամ կանխիկ։ Դատավորի 2021 թվականի հայտարարագրում նշված է 2 մլն դրամի ավանդ, որը տարվա վերջում պահպանվել է նույն չափով։ Բացի այդ, առկա է եղել արտարժութային ավանդ, որի չափը 12 հազար 447 դոլարից տարեվերջին դարձել է 12 հազար 953 դոլար։ Բանկային հաշիվներում տարվա վերջում Վաղարշյանը ունեցել է ընդհանուր 1 մլն 550 հազար 202 դրամ։ Միևնույն ժամանակ, նրա հայտարարագրում առկա է եղել 5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարվա ընթացքում չի փոխվել։ 2021 թվականին Արթուր Վաղարշյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 16 մլն 879 հազար 540 դրամ։ Դրանից 10 մլն 200 հազար 924 դրամը ստացվել է Սահմանադրական դատարանից՝ աշխատանքի վարձատրության տեսքով, իսկ 6 մլն 331 հազար 753 դրամը՝ Երևանի պետական համալսարանից։ Բացի այդ, նա ստացել է փոխառությունների դիմաց տոկոսներ և այլ հատուցումներ՝ 140 հազար դրամ և 505 դոլար։ 2025-ին՝ նույն 8 անշարժ գույքը։ 2025 թվականի հայտարարագրում էական փոփոխություն չի արձանագրվել անշարժ գույքի քանակի առումով։ Տարվա սկզբին և տարեվերջին Վաղարշյանի հայտարարագրում առկա է եղել 8 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են Գեղարքունիքի մարզի Լճաշենում գտնվող հողամասերը, անհատական բնակելի տունը՝ տնտեսական շինություններով, ինչպես նաև Երևանի Արաբկիրում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի գույքը։ 2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

2025 թվականին Վաղարշյանի ավտոմեքենաների մասով ևս փոփոխություն չի եղել։ Նրա անունով շարունակում են մնալ 1993 թվականի OPEL-ը և 2007 թվականի LEXUS-ը։ Նոր մեքենա չի ձեռք բերվել, իսկ առկա ավտոմեքենաներից որևէ մեկը չի օտարվել։ Բանկային գումարները նվազել են, եկամուտը՝ աճել։ 2025 թվականի ընթացքում Վաղարշյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբի ավելի քան 15 մլն 400 հազար դրամից տարեվերջին նվազել են մինչև մոտ 8 մլն 994 հազար դրամ։ Կանխիկ գումարը ևս նվազել է։ Եթե 2021 թվականին դատավորը հայտարարագրել էր 5 մլն դրամ կանխիկ, ապա 2025 թվականի տարեվերջին այդ ցուցանիշը կազմել է 500 հազար դրամ։ Միաժամանակ աճել է նրա տարեկան եկամուտը։ 2025 թվականին ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 27 մլն 9 հազար 34 դրամ։ Դրանից 21 մլն 463 հազար 25 դրամը ստացվել է Սահմանադրական դատարանից, իսկ 5 մլն 546 հազար 9 դրամը՝ Երևանի պետական համալսարանից։ 2021-ից 2025՝ ի՞նչ է փոխվել։ Այսպիսով, 2021-ից մինչև 2025 թվականը Արթուր Վաղարշյանի հայտարարագրում անշարժ գույքի և ավտոմեքենաների քանակը չի փոխվել․ երկու տարիներին էլ առկա է եղել 8 անշարժ գույք և երկու ավտոմեքենա։ Փոխվել է, սակայն, ֆինանսական պատկերը։ 2021 թվականին դատավորը հայտարարագրել էր 5 մլն դրամ կանխիկ և մոտ 16.9 մլն դրամ տարեկան եկամուտ, մինչդեռ 2025 թվականին կանխիկ գումարը նվազել է մինչև 500 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը հասել է 27 մլն դրամի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: