Սաղաթելյանը խանգարում է Սարգսյանին․ Փաշինյանը...

Սերժ Սարգսյանն ու իր թիմը շարունակում են առաջ տանել ոչինչ չտվող իմպիչմենտի թեման։ Չունենալով հանրային աջակցություն, նույնիսկ չունենալով ՔՊ-ից հեռացված երկու պատգամավորների ստորագրությունը՝ նրանք մեղադրում են «Հայաստան» դաշինքին, որը իբր չի միանում գործընթացին։ Տպավորություն են ստեղծում, թե ամեն բան կարգին է, և միայն ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ստորագրություններն են պակասում։

Այս գործընթացը որքան պետք է Սերժ Սարգսյանին, նույնքան էլ՝ Նիկոլ Փաշինյանին։ Նրանց երկուսի համար սա հնարավորություն է վերաձևելու քաղաքական դաշտը, որպեսզի 2026 թվականի ընտրական փուլը սկսեն նույն աշխարհաքաղաքական տանիքի տակ գտնվող ուժերով՝ ՔՊ և սատելիտներ, ՀՀԿ և սատելիտներ։ Սա միակ միջոցն է, որը կդառնա վճռորոշ՝ Արևմուտքի առաջ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ստանձնած աշխարհաքաղաքական պարտավորությունները վերջնականապես իրականացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը, նպաստելով այս գործընթացին, գնում է անտրամաբանական ձերբակալությունների։ Դրա ֆոնին Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարում են, թե միայն իմպիչմենտով կարող են կանգնեցնել այդ ձերբակալությունները (իրենք էլ բացահայտում են, որ նույն կենտրոնից են ղեկավարվում)։ Չնայած Փաշինյան–Սարգսյան զույգի տիտանական ջանքերին՝ իրական ընդդիմությունը չի մասնակցում այս կեղծ օրակարգին։

Վերջերս Սերժ Սարգսյանը թիմակիցների շրջանում դժգոհել է, թե իր պլանների իրագործմանը մեծ խոչընդոտ են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ներկայությամբ, և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ իր ամենօրյա քաղաքական աշխատանքով։ Վերջինս, ըստ Սարգսյանի, թույլ չի տալիս իրեն ազատ գործել խորհրդարանական ընդդիմության դաշտում։ Սրանով է պայմանավորված այդ երկու գործիչների շարունակական թիրախավորումը Սերժ Սարգսյանի սատելիտների կողմից։

Հատկանշական է, որ հենց այս օրերին մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ գլխավոր դատախազը ԱԺ է գալու՝ Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, որից հետո նա կարող է կալանավորվել։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանին այդքան խանգարող Սաղաթելյանին Նիկոլ Փաշինյանը որոշել է մեկուսացնել՝ կարևոր քաղաքական զարգացումներից առաջ։ Պատահականություն է սա՞, թե օրինաչափություն՝ ցույց կտա ժամանակը։