Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հինգշաբթի ասել է, որ թագավորությունը ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարվա ընթացքում: Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն այս մասին ասել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է golosameriki.com-ը:

«Թագաժառանգը հաստատել է թագավորության մտադրությունը՝ ընդլայնել ներդրումներն ու առևտուրը Միացյալ Նահանգների հետ առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 600 միլիարդ դոլար և, հնարավոր է, ավելին», - ասվում է հայտարարության մեջ:

Երկուշաբթի իր երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ հնարավոր է  Սաուդյան Արաբիա կատարի իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես դա արել էր 2017 թվականին:

«Առաջին արտասահմանյան ուղևորությունը (ԱՄՆ նախագահի-Խմբ.) սովորաբար Մեծ Բրիտանիա էր, բայց վերջին անգամ ես այն կատարեցի Սաուդյան Արաբիա, քանի որ նրանք համաձայնեցին գնել 450 միլիարդ դոլարի մեր արտադրանքը: Եթե Սաուդյան Արաբիան ցանկանար գնել ևս 450 կամ 500 միլիարդ դոլարի արտադրանք... կարծում եմ՝ հավանաբար կգնայի», - ասել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում: