Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի ՀԱ...

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել Եմենի հարավային շրջանների անջատման կողմնակից Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերին։ Միևնույն ժամանակ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության՝ Նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին որոշել է ՀԱԽ ղեկավար Այդարուս ազ-Զուբեյդիին հեռացնել խորհրդից և նրա գործը փոխանցել գլխավոր դատախազություն՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ ազ-Զուբեյդին անհետացել է այն բանից հետո, երբ կոալիցիան տեղեկացրել է, որ նա պետք է 48 ժամվա ընթացքում ժամանի Սաուդյան Արաբիա՝ ալ-Ալիմիի հետ հանդիպելու և լարվածության սրման պատճառները քննարկելու համար։

Ալ-Մալիքին պարզաբանել է, որ ազ-Զուբեյդին զենք է բաժանել Ադենում գտնվող տասնյակ անձանց՝ քաղաքում անկարգություններ իրականացնելու նպատակով։ Նա նաև հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը հայտնաբերել են խմբավորումներ, որոնք լքել էին ՀԱԽ ճամբարները, և կանխարգելիչ հարվածներ են հասցրել՝ նրանց տեղաշարժերը խափանելու և «ազ-Զուբեյդիի՝ հակամարտությունը դեպի ալ-Դալի տարածելու նպատակը խափանելու» համար։

Իր հերթին ՀԱԽ-ը հայտարարել է, որ ազ-Զուբեյդին շարունակում է իր պարտականությունները և Ադենից վերահսկում է ռազմական և անվտանգության գործողություններն իր ժողովրդի հետ միասին, և խորը մտահոգություն է հայտնել, որ չի կարողանում կապվել ՀԱԽ պատվիրակության հետ, որը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ է ժամանել մի քանի ժամ առաջ։

«Պատվիրակության գտնվելու վայրի կամ դրա շուրջ ստեղծված հանգամանքների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվության բացակայությունը լուրջ հարցեր է առաջացնում, որոնք պահանջում են անհապաղ պարզաբանում», - նշվում է հայտարարության մեջ։

Հարավային անցումային խորհուրդը կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել ավիահարվածները և երաշխավորել իր պատվիրակության անվտանգությունը Ռիադում։

Մյուս կողմից Եմենի նախագահական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով․ «Ազ-Զուբեյդին և նրա խումբն ապստամբ աշխարհազորայիններ են։ Մենք նրանց հետ կվարվենք օրենքի համաձայն»։

Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերն առաջ են շարժվում դեպի Եմենի հարավային Ադեն քաղաքը։

Եմենում հակամարտությունը սկսվել է 2014 թվականին։ Այն ժամանակ հութիները, որոնց աջակցում է Իրանը, գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և Եմենի հյուսիսի մեծ մասը։ Արաբական կոալիցիան, որը 2015 թվականին միջամտել է հակամարտությանը, աջակցում է Եմենի կառավարական զորքերին։ Դրա հետ մեկտեղ ԱՄԷ-ն, որը մտնում է արաբական կոալիցիայի մեջ, վարժեցնում և ֆինանսավորում է ՀԱԽ-ի հովանու տակ գտնվող խմբավորումներին։